image_750x_5e8afb327c11b
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՏՈՒՄ Է՝ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանների շենքերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ և դրա համար տրամադրվել է 500 կգ ախտահանիչ նյութ։ Այն, որ Երեւանի քաղաքապետարանը մի պարապ կառույցի է վերածվել, որը հիմնականում կիսագրագետ մարդկանցով է համալրվել, որ թիմակիցներին ու մերձավորներին աստղաբաշխական պրեմիաներ են տալիս, այն, որ մեծ թվով մեկ անձից գնումներ են անում եւ տարբեր կոռուպցիոն գործարքների հոտ է փչում, այս բոլորը փաստեր են։ Այս երկու տարում, կարելի է ասել, Հայկ Մարությանը իր խոստացածներից միայն մի խնդիր է լուծել՝ աղբահանության խնդիրը, այն էլ շատ մեծ ու ոչ արդարացված գումարներ ներդնելով նորաստեղծ ձեռնարկության մեջ։ Սակայն, այն, որ քաղաքապետն այս օրհասական պահին աշխատանքի չի գնա, եւ արհամարհական տոնով ու վատ բառապաշարով կդիմի երևանցիներին, քաղաքապետարանն էլ կեղծ տեղեկություններ կտարածի, քչերն էին սպասում։

Երևանցին այսօր լսելով այն հայտարարությունը, որ բոլոր շենքերը ախտահանվում են մտածում է՝ դե երեւի մեր շենքի հերթը չի հասել, գուցե այսօր էլ մեր շենք կհասնեն, հաջորդ օրը ևս մտածում է՝ երևի այսօր կգան, սակայն այդպես էլ չեն գալիս։ Չէ որ եթե այս 20 օրվա ընթացքում որեւէ տեղում նման աշխատանքներ կատարված լինեին, մենք մեր ծանոթներից, ընկերներից կիմանայինք, իսկ լուրերով ցուցադրվածն այնքան չնչին է, որ արվում է հենց նկարելու եւ ցուցադրելու համար։ 
Յուրաքանչյուր երևանցի տեսնում է, որ իրեն խաբում են, իսկ ախտահանում պետք է արվի օրը երկու անգամ, կամ գոնե ամեն օր՝ արվե՞լ է նման բան ինչ-որ շենքում՝ իհարկե ո՛չ։ Երևանում կա շուրջ 4800 շենք 236 500 բնակարաններով, 500 կգ կամ 500 000 գրամ ախտահանիչը, եթե օգտագործվի 1 օր, նույնիսկ 1 անգամ, 1-2 օրից կվերջնա, այն էլ նայած ինչ բարեխղճությամբ օգտագործվի։ 

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանն ակնհայտորեն խաբում է և դա անում է այս օրհասական օրերին, երբ ոչ միայն պետք է ճիշտ տեղեկատվություն տա, այլև 24 ժամ գործ անի։ Իսկ սրա մեղավորը, ցավոք, հենց երևանցիներն են, ովքեր քաղաքապետ ընտրելիս երկար չմտածեցին եւ դերասանին նշանակեցին մեր հսկա քաղաքի վարչարար, որի կառավարումից նա կիլոմետրերով հեռու է։

Ինգա Աբրահամյան