231321.thumb
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե Արցախում փողոցային պայքարը շարունակվի և իշխանությունը դրսևորի անգործություն, չի բացառվում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կդիմի ռազմական գործողությունների․ Հայկ Նահապետյան

Եթե Արցախում փողոցային պայքարը շարունակվի և իշխանությունը դրսևորի անգործություն, ստեղծվի անկայուն վիճակ, չի բացառվում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ թե սադրանքների կդիմի, այլ ռազմական գործողություններ կսկսի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱՀ սահմանին առկա լարվածությանը և Արցախում հետընտրական զարգացումներին:

«Եթե Արցախում փորձ արվի հրահրել այն նույն գործընթացները, ինչ 2018-ին ՀՀ-ում, դա կլինի մեծագույն նվերներից մեկը Ադրբեջանին: Այն, որ փորձ արվում նույն մեթոդաբանությամբ կրկնել 2018-ի ապրիլ-մայիս ամսվա հայաստանյան զարգացումները, երևում է նաև Ստեփանակերտի երեկվա զարգացումներից՝ Արցախի հեղափոխական կուսակցության հանրահավաք, երթ, որին մասնակցում էին նաև մեծ թվով դեռահասներ»,-ասաց նա:

Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ հակառակորդը ուշի ուշով հետևում է Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին և կփորձի չկորցնել հարմար պահը։

«Բայց պետք է նշեմ՝ ռազմական գործությունների վերսկսման դեպքում մեր բանակն արժանի հակահարված կտա, ինչպես եղել է նախկինում, երբ Ադրբեջանը նման գործողություն է հրահրել: Միշտ նշել եմ՝ մեր բանակն այլ հարթության վրա է, քաղաքականությունը՝ այլ»,-ասաց նա:

Պահեստազորի գնդապետը ընդգծեց, որ հաշվի առնելով հակառակորդի մարտավարությունը՝ Ադրբեջանը կշարունակի շեղող գործողություններ իրականացնել նաև Հայաստանի հետ սահմանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել՝ 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: