unnamed
Նորություններ

Ինչու մասնագետները խորհուրդ չեն տալիս հղիանալ կարանտինի ընթացքում

Մերիլենդի համալսարանի գիտնականները բացատրել են՝ ինչու է կարանտինի ընթացքում հղիանալը համարվում վտանգավոր։ Մասնագետներն անց են կացրել հետազոտություն, որի ապշեցնող արդյունքները հրապարակվել են Nature Communication գիտական ամսագրում, գրում է 5-tv.ru-ն։

Փորձագետների կարծիքով՝ հնարավոր վտանգը պայմանավորված է նրանով, որ ապագա հոր օրգանիզմն օժտված է յուրահատուկ հատկությամբ, որի շնորհիվ կարող է իր ներկայիս վիճակը փոխանցել պտղին սերմնահեղուկի միջոցով։Եթե հայրը սաստիկ սթրես է ապրում անհայտ հիվանդությամբ վարակվելու վտանգի պատճառով, ապա նրա սերմնահեղուկի կազմությունը զգալի փոփոխությունների է ենթարկվում, ինչը կործանարար ազդեցություն է ունենում ապագա երեխայի գլխուղեղի զարգացման վրա։

«Սթրեսի հորմոնների ազդեցության հետևանքով արտաբջջային ներառուկներում փոխվում է սպիտակուցի ու ՌՆԹ-ի կազմությունը։ Մկների վրա անցկացված գիտափորձերի ընթացքում մենք բեղմնավորել են նորմալ ձվաբջիջները սերմնահեղուկով, որը ձևավորվել է սթրեսի ազդեցությանը ենթարկվող ներառուկների հետ շփման պայմաններում։ Լույս աշխարհ եկած մկների մոտ նկատվում էին զգալի փոփոխություններ գլխուղեղի զարգացման վաղ փուլերում։ Անգամ հասուն տարիքում այդ մկները զգալիորեն տարբերվում էին վերահսկվող խմբի մկներից», - բացատրում է գիտական աշխատանքի հեղինակ, Մերիլենդի համալսարանին կից գործող Երեխաների առողջության ու գլխուղեղի զարգացման ոլորտում էպիգենետիկ հետազուտությունների կենտրոնի տնօրեն Թրեյսի Բեյլը։ 

Ապացուցելու համար, որ նմանատիպ մեխանիզմը գործում է նաև մարդկանց դեպքում, փորձագետները մանրակրկտորեն ուսումնասիրել են Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներից վերցված սերմնահեղուկի նմուշները։ Պարզվել է, որ մշտապես սթրեսի ազդեցությանը ենթարկվող երիտասարդների սերմնահեղուկի բաղադրությունը զգալիորեն տարբերվում էր սթրեսի չենթարկվող տղամարդկանց սերմնահեղուկի բաղադրությունից։

«Մենք առայժմ չգիտենք՝ ինչպես կանդրադառնան հետագա սերունդների առողջության վրա սերմնահեղուկի փոփոխությունները, որոնք պայմանավորված են հոր քրոնիկ սթրեսով։ Սակայն մենք մտավախություններ ունենք, որ սա կարող է բարձրացնել հոգեկան խանգարումների ախտորոշման հաճախականությունը համավարակից հետո ծնված երեխաների շրջանում», - նշում են մասնագետները։

Սա է պատճառը, որ այս կամ այն անկանխատեսելի հետևանքից խուսափելու համար գիտնականները հորդորում են չպլանավորել հղիությունը կարանտինի ընթացքում։ Եթե զույգն այնուամենայնիվ մտադիր է երեխա ունենալ, ապա հղիությունը պլանավորելիս մասնագետները խորհուրդ են տալիս ապագա ծնողներին ամենայն լրջությամբ մոտենալ իրենց հոգեկան ու ֆիզիկական առողջության խնդրին։