news-details
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՆՉ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՆ ԹԱՎԱԴՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ՝ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս  Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն էին ներկայացրել։ 

ՀՀ առաջին օմբուդսեմն Լարիսա Ալավերդյանին «Հրապարակը» հարցրեց՝ ինչու՞ են միացել այս միջնորդությանը, ի՞նչ ակնկալիքներ  ու հույսեր ունեն դատախազությունից։ Լարիսա Ալավերդյանը վստահ է՝ մերժելու են։ Այսինքն՝ հույս չի, կանխատեսում է։ 

Իրավապաշտպանը նկատում է՝ այնպիսի որակներ ունեցող մարդուն, ինչպիսին Արմեն Թավադյանն է, ձերբակալելը և անազատության մեջ պահելը խոսում է իշխանությանը «շատ ցածր ոճի ու ճաշակի մասին»։ ՀՀ առաջին ՄԻՊ-ը նշում է, որ ժողվրդավարական երկրներում նման որակներին «ստանդարտ նայում են» և ըստ այդմ էլ որոշում, թե այս կամ այն նորմերից որը կարող է նրա նկատմամբ կիրառվել։ «Եվ եթե շարունակենք, ապա սահմանադրական այդ նորմը բոլորովին չի հասկացվում մեր իրավապահների կողմից և մնացածը ասացի՝ ամենը ցածր ճաշակի մասին է, որը հիմա դարձել է ամենատարածվածը» ։

Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը չգիտի՝ ինչ հույսեր կարող են լինել, բայց ասում է, որ միջնորդության տակ ստորագրել է լրատվամիջոցի ղեկավարի կալանավորումից մտահոգ քաղաքացի։ «Գործ են հարուցում, հասկացանք, բայց ինքը էդ կարգի վտանգավոր երևույթ չէ, որ անպայման պետք է բանտում մնա։ Ես դրա համար եմ ստորագրել, որ փոխեք խափանման միջոցը։ Էլի քննեք, եթե կպարզվի, որ հանցանք է կատարել, թող պատժվի, բայց ինքը ահաբեկիչ չէ, էլի, որ բաց թողնեք, կարող է հանկարծ սպառնալ հայ ժողովրդի անվտանգությանը»։ Պեպանյանը հավելում է՝ ինչքանով հաշվի կառնեն նկատառումները, որոնցով ստորագրել է, կախված է դատախազության ազնվությունից ու մարդասիրությունից։ 

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը քրեական հետապնդման է ենթարկվում կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Արմեն Թավադյանին ազատ արձակելու ստորագրությունը ներկայացրել է այն պատճառով, որ Թավադյանին հարյուր տարի ճանաչում է։
Ամեն դեպքում, Կարեն Քոչարյանն էլ չի կարող խոսել դատախազությունից ունեցած հույսերի ու ակնկալիքների մասին՝ դատելով տարբեր քրեական գործերում նմանատիպ միջնորդությունների ճակատագրից։ «Քանի որ ոչ մի բանի մեջ տրամաբանություն չկա, հատկապես Փանոսյան Նորիկին երկրորդ անգամ ազատ արձակելուց հետո ինչ-որ բանի մեջ տրամաբանություն ման գալ, ես վաղուց արդեն դադարել եմ»։
 

You can share this post!