1004553
Նորություններ

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Image result for ծխելը կարգելվի

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ողջունում են նախագիծը, նախաձեռնությունը, բայց տեսնում են որոշ խնդրահարույց հարցեր, խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, արդյունքում որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ: Ծովինար Վարդանյանն առաջարկեց հետևել Թունյանի խորհրդին, կողմ քվեարկել նախագծին, հետո միանգամից ստեղծել աշխատանքային խումբ՝ փոփոխություններ ձեռնարկելու ուղղությամբ:

ԼՀԿ-ական Գուրգեն Բաղդասարյանը նշեց՝ քանի որ ի սկզբանե խոստացել էին մի բան,սակայն  ներկայացրել ուրիշ բան, պետք է դեմ քվեարկել օրենքի նախագծին: Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ դեմ կքվեարկեն, սակայն պատրաստ են միասին  աշխատել և գտնել համատեղ բարձրացրած խնդիրների լուծումները:

ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ կողմ է, սակայն պատրաստ են կողմ քվեարկելուց հետո ձևավորել աշխատանքային խումբ՝ շտկելու խնդիրները:

Նախագծի վերաբերյալ վարման կարգով ձայնի իրավունք վերցրած պատգամավորները տարբեր ելույթներ ունեցան: Նախագիծն այնուամենայնիվ ընդունվեց՝ ստանալով  76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: