news-details
Լուրեր

Բախում Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» միջև՞. ի՞նչ է տեղի ունենում

«Սասնա ծռերի» մի խումբ անդամներ փետրվարի 12-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Արթիկի հատվածը՝ պահանջելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին։

ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատմամբ, մինչդեռ միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանն են, որ շարունակում են մնալ կալանքի տակ:

Ակցիան, որի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, կոչ են արել սթափվել՝ նրան հիշեցնելով իր այն խոսքերը, թե «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, հետաքրքիր է հատկապես իշխանություններ-«Սասնա ծռեր» հարաբերությունների իրական ռեժիմի վերծանման տեսանկյունից. ի՞նչն է ստիպել այդ ուժի համակիրներին գնալ նման քայլի, գործ ունենք ինչ-որ բեմականացման հե՞տ, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու «Սասնա ծռերին» միմյանց կապող ներքին խողովակներն են խցանվել՝ ստիպելով վերջիններիս սեփական դժգոհությունն արտահայտելու նման ճանապարհ ընտրել:

Այն, որ «Սասնա ծռերի»՝ Նիկոլ Փաշինյանից ունեցած ակնկալիքները չեն սահմանափակվում սեփական անդամների ազատ արձակմամբ, ավելի քան ակնհայտ է, և այս իմաստով վերոհիշյալ բողոքի ակցիան արժե դիտարկել շատ ավելի լայն կոնտեքստում. ի սկզբանե հեղափոխությանը թևութիկունք կանգնելու «Սասնա ծռերի» պատրաստակամությունը, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերված աջակցությունը, որի  վառ դսևորումներից մեկն էլ նախորդ տարվա սեպտեմբերին նրանց միջև կայացած աղմկահարույց հանդիպումն էր, չէր կարող պատահական լինել, և այս ընթացքում մեկ անգամ չէ, որ նույն «Սասնա ծռերը» հասցրել են հստակ ձևակեպել Փաշինյանից ունեցած իրենց ակնկալիքները, որոնք ավելի շատ կարող են գնահատվել՝ ուլտիմատումներ, քան՝ կառուցողական առաջարկներ:

Նիկոլ Փաշինյանին հեղափոխության իրական օրակարգից շեղվելու մեջ պարբերաբար մեղադրող «Սասնա ծռերի» կարկառուն դեմքերից նույն Ժիրայր Սեֆիլյանն «Ինչպես դուրս գալ ճգնաժամից» վերտառությամբ իր ֆեյսբուքյան գրառմամամբ  վերջերս կետ առ կետ ձևակերպել էր իշխանություններից ունեցած ակնկալիքները՝ «կանխել նախկինների վերադարձը», «պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ», «հաստատել սահմանադրականություն», «կազմել ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն», «նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական», «կազմակերպել անցումային արդարադատություն», «անցկացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա», «հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները», «մշակել և ընդունել նոր Սահմանադրություն», «ընդունել նոր ընտրական օրենսգիրք», «անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ»:

Ծռերը հայտարարել են, որ այլևս հանդես են գալիս արմատական ընդդիմության դիրքերից, և ակնհայտ է, որ նրանց պահանջները նույնպես ավելի քան արմատական են, որ ակնառու բախման մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանի շահերի հետ՝ նկատի ունենալով այն, որ վերջինիս առաջնային նպատակն իշխանության ղեկին սեփական գոյությունը հնարավորինս ամրապնդելն ու երկարաձգելն է, քան կողքից հնչող կասկածելի խորհուրդներով շարժվելն ու հնարավոր ծուղակում հայտնվելը, և եթե համագործակցության ինչ-որ եզր էլ կարող է գտնվել, ապա դա կարող է լինել միայն այն հարցերի շրջանակում, որոնք անմիջականորեն առնչվում են Փաշինյանի քաղաքական շահերին և ոչ ավելին: «Սասնա ծռերի» պահանջներից գրեթե ոչ մեկը չի կարող ծառայել Փաշինյանի ունեցած պլաններին առվազն այս փուլում, ում  կողմից «Սասնա ծռերն» ավելի շատ դիտարկվում են որպես ներսում ու դրսում բանեցվող մահակ, քան իրական գործընկերներ: Փաշինյանն էլ է շատ լավ հասկանում, որ փաստացի տեռորիստական կազմակերպությանն իրեն չափից դուրս մոտ թողնելը կարող է սեփական իշխանության ապալեգիտիմացման պատճառ դառնալ ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, որտեղից եկող ճնշումների տակից առանց այն էլ իշխանությունները հազիվ են կարողանում դուրս գալ:  Ավելին՝ գրեթե կասկած չկա, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ Փաշինյանը չի կարողանալու քայլել հասարակության մեծագույն մասի կողմից անընկալելի հանդիսացող «Սասնա ծռերի» մատնանշած կործանարար արահետով, քանի որ ուղղակի դրա ռեսուրսը չունի:

Մյուս  կողմից՝ այն, որ այսօր «Սասնա ծռեր» կոչվող տեռորիստական կազմակերպությունը հանդգնում է ինչ-որ հավակնություններ դրսևորել, ինքնին աբսուրդ է, քանի որ ցանկացած նորմալ երկրում նմանատիպ խմբավորումը վաղուց օրենքից  դուրս հայտարարված կլիներ: Անկասկած, «Սասնա ծռերը» Փաշինյանին շատ բաների համար են պարտական և առաջին հերթին՝ 2016-ին ձեռնարկած ահաբեկչական ակտը մարսելու: Չլիներ Փաշինյանի իշխանատենչությունը, նույն Սեֆիլյանն այսօր բանտում կլիներ, այլ ոչ թե ինչ-որ պահանջներ կներկայացներ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը՝ դրանով իսկ ծաղրուծանակի վերածելով պետականությունը:

Կա՞ աշխարհում էլի մի երկիր, ուր ոստիկաններ սպանած անձանց արդարացնելու պահանջով ճանապարհներ փակվեն կամ ուլտիմատիվ պահանջներ ներկայացվեն պետությանը: Չես գտնի: Մինչդեռ նման անհանդուրժելի իրավիճակ ստեղծվել է հենց միայն այն պատճառով, որ երկրի վարչապետն այդպես էլ իր մեջ քաջություն չգտավ՝ իրերը կոչելու իրենց անուններով, քանի որ այդ դեպքում կարող էին վտանգվել նրա իսկ քաղաքական շահերը, չէ՞ որ Փաշինյանին իշխանությունը օգնեցին վերցնել, նախևառաջ, հենց այն ուժերը, որոնք էլ հենց կանգնած են «Սասնա ծռերի»  թիկունքին՝ Հայաստանում սպասարկելու օտարի օրակարգը:


You can share this post!