1EEA14B7-93AF-4731-A8EF-3C4B96CDEF81
Նորություններ

Մուրադովը նշանակվել է Ուկրաինայում ռուսական զորքի Վոստոկ խմբավորման հրամանատար

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Ուկրաինա ներխուժմանը մասնակցող «Վոստոկ» զորքերի խմբի հրամանատարի անունը, գրում է ՌԲԿ-ն։ Դա գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է։ Մուրադովը 2018 թվականից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Հենց Ղարաբաղից էլ նա հայտնի է դարձել, գրում է BBC-ն։ Ինչպես գրել էր BBC-ն, Հայաստանը չափազանց զգուշավոր էր այս որոշման նկատմամբ, քանի որ Մուրադովը ծնվել է Դաղստանի գյուղերից մեկում, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում։ Ինքը գեներալը, սակայն, հայտարարել էր, որ սպան չպետք է ունենա ազգ հասկացությունը։ 1996 թվականին, երբ Մուրադովը 23 տարեկան էր, արժանացել է Արիության առաջին շքանշանին Չեչնիայում Վերին Ցենտորոյի գրավման գործողությունից հետո։ «Այնուհետև երիտասարդ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բույնակսկում ղեկավարել է 136-րդ բրիգադի հետախուզական վաշտը», նրա մասին գրել է ՊՆ «Կրասնայա Զվեզդա» թերթը։ Արիության երկրորդ շքանշանը ստացել է 2000 թվականին՝ Դաթոյում Ասլան Մասխադովի շտաբը գրավելու համար։ Այդ գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Վլադիմիր Շամանովը։ Մինչև 2009 թվականը Մուրադովը շարունակել է ծառայել Չեչնիայում՝ ղեկավարելով Շալիի 17-րդ մոտոհրաձգային բրիգադը, որից հետո անցել է Անդրբայկալիայի ռոտացիայի։ Մուրադովը չի մասնակցել 2008 թվականին Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմին, քանի որ այն ժամանակ ղեկավարում էր բրիգադը Արեւելյան ռազմական օկրուգում։ Երբ 2014-ին պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում, նա սովորում էր Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, իսկ 2016-ին, երբ Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին, Մուրադովը դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը հրադադարի մոնիտորինգի ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում։ 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո, ԵՄ-ն անձնական պատժամիջոցներ սահմանեց Մուրադովի դեմ։