6E8C171E-7856-42DF-854D-FD26BCD4687B
Քաղաքական

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը ռազմավարական բնույթ է կրում. Ալեն Սիմոնյանը՝ Ալեքսեյ Գորդեևին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական բաժնից:

Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ համարժեք աշխատանքներ են տարվում տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն ռազմավարական բնույթ է կրում, և հաջողության բանալին մեր պետությունների առաջին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը և չընդհատվող օրակարգերի առկայությունը:

Կողմերը փաստել են, որ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային` հաշվի առնելով տարածաշրջանի եւ միջազգային այլ հարթակների քաղաքական իրադարձությունները:

Հանդիպմանը քննարկվել է գլոբալ ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը՝ առանձնակի անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին: