DCB1FDCD-87DD-405F-9DCD-9B3409A6EBFD
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ արձագանքից

ՀԱՊԿ գագաթնաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ՀԱՊԿ աշխատանքին։ «Նախորդ տարի, ճիշտ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որպեզի գործարկվեին մեխանիզմները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ խորհրդի կողմից հաստատված փաստաթղթով։ Բայց, ցավոք, մենք չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանը»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը երկար ժամանակ նաև բարձրացրել է կազմակերպության անդամ երկրների կողմից Հայաստանի ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը։ «Արդյունքում՝ այդ զենքն օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Եվ դա նույնպես խնդիր է։ Անկեղծ ասած, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը այնքան էլ չգոհացրեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Բայց ես ուզում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարությանը՝ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին, նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարություններին»,- հավելեց Փաշինյանը։