FB07DF6C-42E1-4B2E-99D2-B76A1A629BA6
Լուրեր

Դատարանը մերժեց հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ,  Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որոշում է կայացրել խափանման միջոց կալանք չկիրառել Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ։

Խափանման միջոցը մնացել է անփոփոխ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

«Դատարանը մերժել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման բովանդակությանը ծանոթ չենք, քանի որ այն տուժող կողմին այս պահին հասանելի դատավարական փաստաթուղթ չէ»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հոր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել էր:

Ավելի վաղ Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին