463EF26E-EEF5-4050-929E-01EEA70EF84E
Նորություններ

Պուտինը Լավրովի խոսքերի համար ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադոլֆ Հիտլերի «հրեական արմատների» մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ 

«Բենեթը ընդունել է  Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել նրան հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ Ռուսաստանի նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում:

Կրեմլը ևս հայտնել է ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցի մասին, սակայն չի նշել, որ Պուտինը ներողություն է խնդրել նրանից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովին՝ նրանից պարզաբանումներ պահանջելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ:

Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.«Նա (Զելենսկին) առաջ է քաշում հետևյալ փաստարկը.«Ի՞նչ նացիզմ կարող մեզ մոտ լինել, երբ ես հրեա եմ»: Ես, եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց կարծես թե Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են: Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի...»:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ասել է, որ «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի են և զայրացուցիչ, այլև սարսափելի պատմական սխալ: Հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմականության համար մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ևս մեկնաբանել է Լավրովի խոսքերը «Հիտլերի հրեական արյան» մասին:

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Հոլոքոստի թեման որպես քաղաքական պայքարի և փոխադարձ հարձակումների միջոց օգտագործելը, նրա (Լավրովի) խոսքերը իրականությանը չեն համապատասխանում և ըստ էության անընդունելի են: Նման ստերի նպատակն է փորձել մեղադրել հրեաներին հենց հրեաների դեմ ամենասարսափելի հանցագործություններ կատարելու համար և մեր ժողովրդին հալածողներին ազատել պատասխանատվությունից»,- ասել է վարչապետը։