dav-21
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դավիթ Բաբայան․ Արցախյան հարցի պարագայում շուտափույթ որոշումներ կայացնել հնարավոր չէ

Երեկ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է և ցավոք,ամենաբնութագրիչը, դա անորոշության շատ բարձր՝ վերին աստիճանի անհանգստացնող վիճակ է,  նկատի ունենալով, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինում։ Արդյոք ԱԳՆ-ների հանդիպումները կամ որևէ այլ քայլ կապված բանակցային գործընթացի հետ չենք կարող փոփոխություն կամ առաջընթաց համարել, հարցին ի պատասխան Արցախի հանրապետության նախագահի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը Exclusive.am-ի հետ զրույցում նշեց․

«Հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է, որը մեկ օրվա կամ ամսվա, անգամ  տարվա գործընթաց չէ, այլ ավելի բարդ է ու մենք պետք է  հաշվի առնենք և՛ դա, և՛ Ադրբեջանի յուրահատկությունը։ Այս պարագայում շուտափույթ որոշումներ կայացնել հնարավոր չէ։ Այն ինչ ունենք սա էլ է կարգավորում»։ 

Խոսելով օրերս  Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներից՝ Գի Տեսիեի հայտարարության մասին․ «Միջազգային հանրությունն Արցախը պետք է ճանաչի ներկայիս սահմաններով»,որն Ադրբեջանում  բուռն քննարկամ և բողոքի տեղիք էր տվել քաղաքագետ Դավիթ Բաբայանը պատգամավորի մեկնաբանության հետ կապված ասաց․ « Գի Տեսիեն միակը չէ , որ նման հայտարարություն է անում։ Մենք պետք է շատ ուշադիր հետևենք նաև միջազգային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին և այստեղ մենք ունենք  մի շարք դարակազմիկ զարգացումներ։ 

Հիշում եք, խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին, մենք միշտ ասում ենք, որ կարևորագույն ուղղություններից մեկն էկոլոգիական, ջրային անվտանգությունն է և այս տեսակետից մինչ այժմ կարևորում ենք Քարվաճառի նշանակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ամիս առաջ խոսելով Իսրայելի մասին, ճանաչել է Գոլանի բարձրունքները, որոնք նույն հիդրոդոնորն է Իսրայելի համար, քանի որ այնտեղ սկիզբ է առնում Իսրայելի միակ գետը՝ Հորդանանը, որը Իսրայելի հսկողության տակ է։ Իհարկե, որևէ մեկը չի ճանաչում, անընդհատ փորձում են ասեն, որ Իսրայելինը չի, վերջիններս էլ համառորեն պահում են իրենց դիրքը։ Սա նույնն է ինչ մեզ համար Շահումյանի շրջանի Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսելով Իսրայելի,Երուսաղեմի  մասին  հայտարարել է, որ եթե երկիրն ագրեսիայի է ենթարկվում՝ սահմանների փոփոխությունը լեգիտիմ է, այսինքն այն, ինչ մենք ենք ասում։ Պետք է հետևել, աշխատել ու համառ լինել , չվախենալ ու չհուսահատվել ու ամենակարևորը՝ հարցին խելքով մոտենալ»։ 

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, ով չբացառեց Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությունը քաղաքագետն նշեց, որ պետք է ամեն ինչ մտածել և ճիշտ ձևով քայլել անել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ բոլոր որոշումները, մասնավորապես անդամակցությանն ու գործակցությանն վերաբերող կայացվում են միայն բոլոր պետությունների համաձայնությամբ և, եթե չկա որևէ պետության համաձայնությունը, ապա որոշում չի կարող լինել։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա  պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ դեմ կլինի Ադրբեջանի մուտքին ՀԱՊԿ, ցանկացած  կարգավիճակով։ 


Հեղինակ: