hayk gabrielyan s
Հարցազրույց

Կհաջողվի՞ Թուրքիային հասնել միջուկային զենքի ձեռքբերմանը

Ինչպես գիտենք Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը գնելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատացան և անգամ ԱՄՆ-ի հայտարարություններին Թուրքիան գնաց այն քայլին, որ ձեռք բերեց այդ համակարգերը։ Հնարավոր է արդյոք Թուրքիայի համար միևնույն լինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և դերակատարումը տրվի սեփական զինանոցի համալրմանը Exclusive.am-ի հետ զրույցում թուրքագետ, ՄԱՀՀԻ Ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը հանգամանալից ներկայացրեց․

- Բնականաբար ոչ, Թուրքիայի համար չափազանց մեծ կարևորություն ունեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և Թուրքիան պարզապես չի կարող հաշվի չնստել դրանց հետ։ Իսկ ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունները գնացին Ռուսաստանից S-400 համակարգերի գնմանը։ Իմ կարծիքով՝ առաջին հերթին ներքաղաքական դրդապատճառներով։ Թուրքիայում բոլորը պատրաստվում են 2023թ․՝ հանրապետության հիմնադրման 100-ամյակին, որն առաջին հերթին լինելու է քեմալականների (ընդդիմություն) տոնը, և որոնք ավանդաբար վայելել են զինվորականների աջակցությունը՝ երկրի աշխարհիկ ռեժիմը պահպանելու համար (ինչպես որ ավանդել է ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը)։ 2023թ․ կարևոր է նաև այն պլանում, որ Թուրքիայում նշանակված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը կարող է հայտարարել իր կողմից շարունակ թմբկահարվող «Նոր Թուրքիայի» հռչակման մասին։ Ակնկալվում է, որ թուրքական ընդդիմությունը (քեմալականներ) մեծապես կակտիվանա 2023թ․ ընդառաջ, ինչը մտահոգիչ է գործող իշխանությունների համար։ Իմ կարծիքով՝ Էրդողանը, այնուամենայնիվ, չի բացառում, որ հետագայում զինվորականները դեռ կարող են ձեռնարկել նորռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ), և S-400 համակարգերի գնումն առաջին հերթին կապում եմ հենց դրա հետ․ խռովարարների ավիացիան (ամերիկյան արտադրության F-16 կործանիչները) չափազանց մեծ դեր է կատարել 2016թ․ՌՀՓ ժամանակ (ռումբեր է նետել Թուրքիայի խորհրդարանի շենքի և կարևոր այլ շենքերի վրա, նախագահական պալատի շրջակայքի վրա, հետապնդել է Էրդողանի ինքնաթիռը)։ Այսինքն, S-400համակարգերն առաջին հերթին տեղակայվելու են Անկարայում (նաև Ստամբուլում)՝ հնարավոր նոր ՌՀՓ-ի ժամանակ դրա կազմակերպիչների ռազմական ինքնաթիռները ոչնչացնելու (կարճաժամկետ խնդիրներ լուծելու) համար։ Այստեղ բավական կարևոր է այն հանգամանքը, որ ռուսական S-400համակարգերն ամերիկյան F-16 կործանիչները դիտարկում են որպես «օտար», մինչդեռ ամերիկյան Patriot ՀՀՊհամակարգերը դրանք դիտարկում են որպես «յուրային»։ Ընդգծեմ նաև, որ S-400համակարգերի գնման հարցն օրակարգ մտել է 2016թ․ աշնանը, այսինքն ՌՀՓ-ից քիչ անց, որի կազմակերպման համար Թուրքիայի իշխանությունները շարունակում են կասկածել և չվստահել ԱՄՆ-ին (որոշ տեղեկություններով՝ հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Էրդողանին իրազեկել նրա դեմ պատրաստվող ՌՀՓ-ի մասին)։ Ի դեպ, Էրդողանը S-400համակարգերի գնման մասին հայտարարությունն արել է 2017թ․ սեպտեմբերի 12-ին՝ 1980թ․ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման 37-ամյակին, որի կազմակերպիչներն հենց Էրդողանի ջանքերով կանգնել էին դատարանի առջև (խոսքն այդ ռազմական հեղաշրջման կազմակերպիչ, երկրի նախկին նախագահ Քենան Էվրենի մասին է, ինչն աննախադեպ էր ԹՀ պատմության մեջ, որ երկրի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև)։ Եվ վերջապես, թուրքական կողմը S-400 համակարգերի առաջին խմբաքանակի ստացման մասին հայտարարեց 2019թ․ հուլիսի 12-ին՝ ՌՀՓ-ի եռամյակին ընդառաջ։ Ավելին, դրանից 72 տարի առաջ՝ 1947թ․ հուլիսի 12-ին, Թուրքիան ու ԱՄՆ-ն ստորագրել են փոխօգնության պայմանագիր, և հենց այդ օրն ընտրելով՝ Թուրքիան յուրահատուկ ուղերձ էր հղում ԱՄՆ-ին։ Ես հենց այս ամենով եմ բացատրում, որ թուրքական կողմը ամերիկյան Patriot համակարգերի փոխարեն նախընտրեց գնել ՆԱՏՕ-ի համակարգին չինտեգրվող S-400 համակարգերը և ռիսկի դիմեց ԱՄՆ-ից ստանալու ռազմական ու տնտեսական բնույթի պատժամիջոցներ, որոնց հետևանքները Թուրքիայում կարող են զգալ միլիոնավոր և անգամ տասնյակ միլիոնավոր մարդիկ (միգուցե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Էրդողանին խոստացել է չկիրառել տնտեսական բնույթի պատժամիջոցներ, բայց անհրաժեշտ է հաշվի առնել ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ առավել բացասական դիրքորոշումը ռուս-թուրքական ռազմական գործարքի և ընդհանրապես կապերի խորացման հանդեպ)։ Կարծում եմ, որ դրանով էր պայմանավորված, որ Թուրքիայի իշխանություններն այս հարցում գնացին մինչև վերջ՝ գործարքը հասցրին իր տրամաբանական ավարտին, ինչն ի դեպ, կատարվեց բավական սեղմ ժամկետում՝ մոտ 3 տարում (2016-2019թթ․)։ Չպետք է մոռանալ, որ Թուրքիան մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մրցույթը հայտարարել էր դեռևս 10 տարի առաջ՝ 2009թ․, և դրա ընթացքը ցույց էր տալիս, որ Թուրքիան չէր շտապում այս հարցում (թեև ռազմական տեսանկյունից այդ ԶՀՀ-ների բացակայությունը համարվում էր Թուրքիայի խոցելի տեղերից մեկը, սակայն նա օդային լուրջ հարձակում չէր սպասում հարևան որևէ երկրից)։ Մինչդեռ 2016թ․ ՌՀՓ-ը կտրուկ փոխեց իրավիճակը, և Թուրքիայի իշխանություններն արդեն սկսեցին շտապել, և ինչպես նշեցի, գործը գլուխ բերեցին 3 տարուց էլ պակաս ժամանակահատվածում՝ չնայած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակազդեցությանը։

- Օրերս էլ Էրդողանը հայտարարեց միջուկային զենք ունենալու ցանկության մասին, նշելով թե բոլորը ունեն իրենք՝ոչ և դժգոհել է, որ միջուկային զենք ունեցող պետություններն ակտիվ ճնշում են գործադրում մյուսների վրա, որ թույլ չտան ռազմական միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերում: Այդ դժգոհության նոտան կարող ենք ասել, որ կրկին ուղղված էր ԱՄՆ-ի դեմ, թե կարող են այլ տարբերակներ ևս լինել։ Ու ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ կհաջողվի Թուրքիային հասնել միջուկային զենքի ձեռքբերմանը ։ 

Նախևառաջ նշեմ, որ նախկինում էլ Էրդողանը նման հայտարարություններ արել է՝ ուղղված առաջին հերթին ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Նա շարունակ հայտարարում էր, որ մոլորակն առանց միջուկային զենքի գործընթացը պետք է սկսել ոչ թե նրանով, որ ոչ միջուկային երկրների մոտ չհայտնվի միջուկային զենք, այլ արդեն իսկ միջուկային երկրները պետք է սկսեն զինաթափման համապատասխան գործընթաց՝ թիրախավորելով առաջին հերթին ԱՄՆ-ին։ Էրդողանը նաև հայտարարել էր, որ Իսրայելն ունի միջուկային զենք և այդ համատեքստում շարունակ ակնարկում է, որ Թուրքիան նույնպես կարող է ունենալ դա, որ եթե դա արտոնված է Իսրայելի համար, ապա ինչու նույնը պետք է արգելված լինի Թուրքիայի համար։ Թուրքիայի (ռազմական) միջուկային նկրտումները նոր չեն, 2014թ․ բարձրաձայնել եմ դրանց մասին, կանխատեսել եմ, որ Թուրքիան ցանկանում է թերևս 2023թ․ դրությամբ դառնալ միջուկային երկիր, որը կարող է հանգեցնել (կամ նախորդել) անգամ ՆԱՏՕ-ի շարքերը լքելուն (քանի որ Թուրքիան մեծ հաշվով չի ունենա հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի կարիքը)։ Ներկայումս Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցում է ՌԴ-ը, և կան մտավախություններ, որ հենց վերջինս էլ Թուրքիային կարող է տրամադրել համապատասխան տեխնոլոգիաներ՝ պայմանով, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն (ռուսական կողմի հաշվարկով՝ դա կարող է լինել ԽՍՀՄ-ի փլուզման համար որոշակի պատասխան քայլ)։ Բնականաբար, ԱՄՆ-ը ձգտելու է ամեն կերպ հակազդել այդ ամենին, և ինչպես առաջին հարցի պարագայում (ռուս-թուրքական (սովորական) ռազմական համագործակցության ընդլայնում), այնպես էլ այս հարցում (միջուկային զենքի ստեղծման շուրջ հնարավոր համագործակցություն) շատ բան կախված է լինելու ԱՄՆ-ի հակազդեցության ու վճռականության աստիճանից։ 

Աղբյուրը՝ Exclusive.am
Հեղինակ: