timthumb (1)
Լուրեր

Բողոքներ Արցախից․ ստիպված են վճարել պատերազմի օրերին չօգտագործած կոմունալներ վճարների համա՞ր

Արցախի քաղաքացիներն ահազանգում են, թե ստիպված են վճարել պատերազմի օրերին չօտագործած կոմունալ ծառայությունների համար։ Պարզվում է՝ թեև  պետությունը հայտարարել է, որ ինքն է վճարելու օգտագործված ջրի, գազի, լույսի, հեռախոսի վճարները, սակայն պատերազմի ավարտից հետո քաղաքացիներին տեղեկացրել են կուտակված պարտքի մասին։ Քաղաքացիներից ոմանք ասում են, թե պետությունն իսկապես վճարել է իրենց սպառած ծառայությունների դիմաց, ոմանք էլ պնդում են, թե ոչ միայն չի վճարվել, այլև պարտքն է ավելի շատ եղել։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արցախի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ ջրի համար ստիպված են եղել վճարել ավելի շատ, քան ամռան ամիսներին․ «Պատերազմի օրերին այդ ինչքա՞ն պիտի օգտագործեինք, որ գերազանցեր ամռան ամիսներին օգտագործած ջրի քանակին։ Ամբողջ ամառվա ընթացքում 4000 դրամ են վճարել, այնինչ պատերազմի ընթացքում 6000 դրամ պարտք է կուտակվել»,- ասաց արցախցին՝ չհասկանալով, թե որն է առաջացած խնդրի պատճառը։ 

Արցախցիներից մեկն էլ դժգոհեց, որ 3 ամսվա լույսի վճարը կազմել է շուրջ 76 000 դրամ, այնինչ պատերազմից առաջ վճարում էին դրա կեսի չափով։ 

Արցախի կազմակերպություններից մեկի աշխատակիցն էլ դժգոհեց՝ իրենց տեղեկացրել են, որ հեռախոսային կապի համար ունեն 23 000 դրամի պարտք․ «Սա այն դեպքում, երբ կազմակերպությունը պատերազմական օրերին առհասարակ չի օգտվել հեռախոսից։ Երբ պահանջեցինք ներկայացնել հեռախոսային զրույցները, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել՝ պատասխանեցին, որ միայն ֆիզիկական անձի դեպքում կարող են ասել՝ պատճառաբանելով, որ ծրագիր չունեն»։ 

Նշենք, որ պատերազմից հետո որոշ ժամանակ Արցախի բնակիչներին տրամադրվում էին դրամական օգնություններ։