image_750x_604221a08447e
Լուրեր

ԱԲՈՎՅԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿԳՄՍՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Թիվ 1 ավագ դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում է, ինչպես նախկինում էր՝ դասասենյակները դատարկ են։

Պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վարդան Դումանյանի կողմից Քարմիլե Առաքելյանին տնօրենի պաշտոնում նշանակելն է, ով համարվում  է Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալը։ Երկրորդ թեկնածուն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն էր։

Դպրոցում մոտ մեկ ամիս է, ինչ խաթարված է դասապրոցեսը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը միայն 2 օր առաջ (03․03․2021) է բարեհաճել այցելել դպրոց ու հանդիպել ծնողների և ուսուցիչների հետ։

«Հրապարակ» թերթը դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն ստացան փոխնախարարի հետ հանդիպումից։ «Դե իր [Քարմիլե Առաքելյանի] իրավապաշտպանն է։ Մի ամիս հետո նոր հիշել են, եկել են երեխաների կրթության իրավունքի մասին են խոսում։ Ամբողջ պատասխանատվությունն ու մեղքն ուզում են բարդել ուսուցիչների վրա։ Մենք հենց ամսի 3-ին իրենց ասեցինք՝ «եկեք հանդիպենք, հասկանանք այս հարցն ինչպես ենք լուծելու»։ Հիմա եկել են, թե «դասապրոցեսը պիտի վերականգնվի», «նախարարի հրամանը իրավականով ճիշտ է», «հնարավորություն չկա սա բեկանելու» և այլն», - ասաց ուսուցիչը։

Փայտյանը նշեց, որ Անդրեսայանին ասել են, որ նշանակման հարցում իրավական առումով, հնարավոր է, որ լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել, բայց այլ բաներ են տեղի ունեցել։ «Օրինակ, որ հովանավորչություն կա։ Այն, որ նախարարն իր որոշումը կայացնելիս առաջին շահառուների շահը հաշվի չի առել։ ՉԷ՞ որ մենք գնացինք իրենց մոտ, երբ որ «4-4» էր [մրցույթին մասնակցած թեկնածուների ձայները], ու փոխանցեցինք առաջին շահառուների խնդրանքն ու շահերը։ Այդ շահերը հաշվի չեն առել։ Նախարարը նշանակում է արել, ինչպես ինքն է ասում, «բացառման սկզբունքով», իբր մենք էլ քաղաքական կողմնորոշում ունենք։ Կրթության հետ կապ չունեցող բաներ։ Իրենց միակ պատճառաբանությունն այն է, թե նախարարը կարող է նշանակել՝ ըստ իր հայեցողության, ինքն էլ արել է։ Ինքը որպես հիմք դնում է բացառման սկզբունքը՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», «հավանել-չհավանելու»», - շարունակեց նա։ 

Բացի այդ, դպրոցի ուսուցիչն ասաց, որ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանն ասել է, որ տնօրենի նշանակման կարգը վիճահարույց է եղել, և հետո կարգը փոխվել է։ «Մենք էլ ասում ենք, որ եթե այդ կարգը փոխել եք, և ունենք այսպիսի միջադեպ, միգուցե ձեր նոր ընդունած կարգո՞վ տանք հարցի լուծումը», - հավելեց Փայտյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե շահեր չկան, հովանավորչություն չկա, կլաններ, կուսակցություններ չկան, ապա թող ԿԳՄՍ նախարարությունը փոփոխված կարգով առաջնորդվի։ «Ընդ որում մենք նաև նախարարությանն առաջարկ ենք արել, որ մինչև իրավական հարցերը որոշվեն, թող նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, դասապրոցեսը սկսվի։ Եթե, ինչպես իրենք են ասում, մտածում են կրթության իրավունքի մասին, ինչի մասին մենք էլ էինք բազմիցս ասել։ Հիմա սպասում ենք իրենց պատասխանին», - նշեց Պատմության ուսուցիչը։

Նախարարությունը դեռ չի ասել, թե երբ կպատասխանի պաշտոնակատար նշանակելու առաջարկությանը, իսկ ԿԳՄՍ փոխնախարարը խոստացել է այս մասին զեկուցել ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանին։ «Մի ամիս անցել է, նոր է զեկուցում նախարարին։ Երբ որ մենք հենց հունվարի 25-ին գնացել էինք, որ նախարարը ոչ թե բացառման սկզբունքով նշանակի, այլ՝ Ժաննա Անդրեասյանի զեկույցի հիման վրա։ Իսկ նախարարի նշանակման մեջ՝ Հանրակրթության բաժնում նույնիսկ հանդիպման մասին չի էլ հիշատակվում», - ընդգծեց նա։

Փայտյանի կինը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ «Մարդն  [նորանշանակ տնօրենը] ասում է «իր կինն ես, չեմ ընդունելու աշխատանքի»։ Նախարարին ասում ենք, որ այսպիսի բան է ասել, իրավունք ունի՞, նախարարն ասում է․ «Իրեն հարցնեմ, նոր ասեմ՝ իրավունք ունի, թե ոչ»։ Այսինքն՝ հնարավո՞ր է ինչ-որ մի տարբերակ, որ իմ կինը չի կարող աշխատել այստեղ։ Հնարավոր է ուրեմն այս երկրում։ Իմանանք՝ էդպես է, գնանք, բաժանվենք», - շարունակեց Աբովյանի դպրոցի պատմության ուսուցիչը։

Այժմ ուսուցիչները և ծնողները սպասում են նախարարության պատասխանին, որից հետո հետագա անելիքները կհստակեցվեն։ 

Փայտյանը նաև ասաց, որ նորանշանակ տնօրենը հեռացրել է իրեն աշխատանքից։ «Բայց ո՛չ հրամանն եմ ստացել դեռ, ո՛չ նկատողություն եմ ստացել դեռ։ Երկու նկատողություն պիտի ստանամ հեռացման համար։ Ես հարբած չեմ եկել դպրոց, որ դրա հիման վրա ինձ առանց նկատողության հեռացնի։ Ինչի՞ հիման վրա է ինձ հեռացրել, երբ որ մեղադրում է մի բանի մեջ, ինչն անում են բոլորը։ Խտրակա՞ն վերաբերմունք։ Ինքն ինձ մեղադրում է, որ գործադուլ եմ անում, բայց 25 հոգու չի հեռացնում։ Ինչո՞ւ հենց ինձ։ Եթե բոլորս անում ենք նույնը»։

Ուսուցիչը դեռ չի ստացել աշխատանքից ազատելու որոշման ծանուցագիրը։ «Օրենքով նա պետք է ինձ փոստի միջոցով պատշաճ ծանուցի։ Վերցնելու եմ ու բնականաբար վիճարկեմ դատարանում», - եզրափակեց նա։