26224547
Նորություններ

Հայաստանի ու Ռուսաստանի գիտնականները կկատարելագործեն դրոնների «խելացի տեսողությունը»

Սամարայի Ս.Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտնականների ու նրանց հայաստանցի գործընկերների մշակումը թույլ կտա զինել արբանյակներն ու անօդաչու սարքերն ինքնավար ու ոչ թանկարժեք «խելացի տեսողությամբ»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բուհի մամուլի ծառայությանը:

«Խելացի տեսողության» աշխատանքի արագության բարձրացմանը կօգնի Սամարայի համալսարանի գիտնականների թիմի կողմից հայ գործընկերների հետ համատեղ ստեղծված նոր ալգորիթմը։

«Մեր մոտեցումը թույլ է տալիս մեկ պարամետր կառավարելով՝ ընտրել օպտիմալ զտիչ ամբողջ պատկերի մշակման համար։ Այս հիման վրա մենք մշակում ենք ինքնուսուցվող ալգորիթմ, որը կարող է որոշել հիպերխորանարդներում պահանջվող օբյեկտների տեղեկատվական նշանները՝ առանց նմուշների։ Մեր հայտնագործութունը թույլ կտա ստեղծել շարժական հիպերսպետրոմետրեր, որոնք կճանաչեն անհրաժեշտ օբյեկտները բառացիորեն թռիչքի ընթացքում», — ասել է նախագծի ղեկավար, Սամարայի համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կուպրիյանովը:

Այսօր նանոարբանյակների ու թեթև անօդաչու թռչող սարքերի վրա հիպերսպեկտրալ «տեսողության» օգտագործումը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ այն մեծ քանակությամբ հավաքվող տվյալների պահպանում է պահանջում: Էլ ավելի դժվար է դաշտային պայմաններում փոխանցել այդ տվյալները սերվերի մշակման համար․ դա ժամանակատար է ու լայն կապուղի է պահանջում։ Գիտնականները վստահ են, որ նոր ալգորիթմի ներդրմամբ հիպերսպեկտրալ «տեսողությունը»  կարող է աշխատել ինքնավար ռեժիմով:

Նախագիծը դրամաշնորհային աջակցություն է ստացել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Գիտության և հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից: Հետազոտություններն իրականացվել են Հայ-ռուսական համալսարանի (ք.Երևան) մասնագետների հետ համատեղ:

armeniasputnik.am