Facebook, Twitter և Google ընկերությունների ղեկավարները վիրտուալ տիրույթում ապատեղեկատվության տարածման հարցով վկայություն կտան ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայանալիք լսումների ժամանակ, հայտնում է The Hill-ը:
Հրապարակման համաձայն, էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան մարտի 25-ին. դրանց կմասնակցեն Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին և Google ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը:
Լսումները կենտրոնացած կլինեն կորոնավիրուսի և ԱՄՆ-ում անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ առցանց հարթակների վարչակազմերի ջանքերին, ասվում է հաղորդագրության մեջ:
«Չափազանց երկար ժամանակ, մեծ տեխնոլոգիական ընկերությունները չեն կարողացել հասկանալ իրենց դերն առցանց լսարանի շրջանում կեղծ տեղեկատվություն տարածելու գործում», - ասվում է հանձնաժողովի անդամ երեք դեմոկրատ կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Facebook ընկերությունը հայտարարել էր, որ մտադիր է հեռացնել սոցցանցի մի շարք հրապարակումներ, որոնցում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին անդրադառնալիս նշված է «ընտրությունների արդյունքների գողություն» արտահայտությունը: