17712766
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Որոնք էին Մամուկա Բախտաձեի հրաժարականի պատճառները․մեկնաբանում է վրացագետը

Օր առաջ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կարծես թե անսպասելի հայտարարեց իր իրաժարականի մասին՝ ստույգ պատճառներ չներկայացնելով։ Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին Exclusive.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ, պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող  Ջոնի Մելիքյանի հետ։ 

- Պարոն Մելիքյան հարևան Վրաստանում հետաքրքրիր ներքաղաքական զարգացումները շարունակվում են։ Վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականը  կարող ենք կապել վերջերս Վրաստանում տեղի ունեցող ցույցերի և հանրային հուզումների հետ։ Ըստ ձեզ, որոնք են պատճառները, որ ստիպեցին Բախտաձեին հրաժարական ներկայացնել։ 

- Այո, անշուշտ կարող ենք, քանզի Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցության վերջի երեք վարչապետերը սկսած 2015 թվականից հրաժարական են տվել, ոչ մի լուրջ պատճառ չներկայացնելով, պարզապես իշխող թիմը, կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ հարկավոր են կադրային փոփոխություններ ։ Բախտաձեն չթաքցրեց և հայտարարեց՝ իր առջև դրված մի քանի հարց, որ դրված է եղել կուսակցության կողմից , ինքը համարում է կատարված և արդեն կարող է թողնել պաշտոնը։ Իհարկե, այս ամենը  կապ ունի տնտեսական իրավիճակի և լարիի արժեզրկման հետ ևս։  Վերջի մեկ տարուց ավել ներքաղաքական տարբեր ցույցերի խնդիրները, ինչպես նաև նախագահական ընտրություններն ինչ-որ չափով ցույց տվեցին, որ իշխող թիմի վարկանիշը ընկել է, ուստի  պետք էր կադրային նոր փոփոխություններ, նոր մարդիկ կուսակցության մեջ և կարծում եմ ՝ իշխող թիմն այդ որոշումը կայացրեց, առաջադրելով Գեորգի Գախարիայի։  Այս իրադարձություններին  զուգահեռ կուսակցությունում որոշ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որոնք  հիմնականում ուղղված կլինեն իշխող թիմին  գալիք տարվա հոկտեմբերին  խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելուն։ 

-Մամուլում մի հետաքրքիր հանգամանք առաջ քաշվեց, ըստ որի  Վրաստանի վարչապետը հրաժարականի մասին է հայտարարել այն օրը, երբ Բաքվում մեկնարկում է վրաց-թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքը։ Ի՞նչ եք կարծում  սա համընկնում է, թե՞ իսկապես հնարավոր է այդ ֆոնին լինի անհամաձայնություն և հրաժարական։ 

Ոչ, միանշանակ բացառում եմ այդ տեսակետը, անգամ չեմ պատկերացնում , թե ում մտքով կարող է նման բան անցնել  այդպիսի հայտարարություն անելու համար, ոչ մի խնդիր չի կարող կապված լինել այդ զորավարժությունների հետ, քանզի դա ավանդական ենթակառուցվածքների պաշտպանելու  հետ կապված անցկացվող տարեկան զորավարժություններ են, որոնք ոչ մի լուրջ կարևորություն չունեն։ Վրաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին հետևողների համար արդեն իսկ պարզ էր, որ Բախտաձեի նշանակումը ժամանակավոր էր և արդեն հարցը ժամկետների մեջ էր և պետք է այդ հիմնական փոփոխությունը տեղի ունենար։ Իշխող թիմը , որպես ուժեղ լիդեր կնշանակի Գախարիային, որ վերջինս կարողանա նախապատրաստի պառլամենտական ընտրություններին։ Սակայն այստեղ հարց է առաջանում, եթե այս ակցիայի շրջանակներում իշխանությունները չգնային զիջումների և չհայտարարեին , որ իրենք անցնում են խառը համակարգից, դեպի համամասնականի, հնարավոր էր փոփոխություններն ավելի կոսմետիկ բնույթ կրեին, իսկ քանի որ իրենք այդ լուրջ զիջմանը գնացին, երևաց վերջիններիս դիրքերի թուլությունը, ուստի կարիք եղավ, որ իրենց լուրջ սխալների վրա աշխատեն, որպեսզի լուրջ թիմով ու լուրջ ռեսուրսներով դուրս գան պառլամենտական ընտրությունների։ 

 -Կարող ենք ասել, որ Բախտաձեի հրաժարականը կարող է ի՞նչ որ  ազդեցություն է ունենալ հայ-վրացական հարաբերության վրա, քանզի տեղյակ ենք  Բախտաձեի և Փաշինյանի գործնական  ջերմ հարաբերությունների մասին․

Կարող եմ փաստել, որ Վրացական իշխանությունների և Հայատանում  նոր իշխանությունների միջև կոնտակտը ստացվեց,  իրենք իրենց ակնկալիքներն ունեին Հայաստանի նոր իշխանություններից, մենք էլ ունեինք մեր ակնկալիքները։ Ի վերջո, պետք է ասենք՝ կա կայուն ձևավորված օրակարգ հայ-վրացական հարաբերություններում և նույնիսկ Բախտաձեի ժամանակ եղան, մի քանի ոչ ֆորմալ հանդիպումներ, դրանք իհարկել լավ էին , բայց եթե ապագայում չլինեն նման հանդիպումներ, դրանք կլրացվեն ֆորմալ հանդիպումների մակարդակով և նախապես մշակված օրակարգով։ Ուստի հայ-վրացական հարաբերություններն ունեն իրենց ուրույն օրակարգը, դինամիկան և թե Երևանում, թե Թբիլիսիում հասկանում են, որ կարևոր է ունենալ դրական հարաբերություններ միմյանց հետ։ Վրաստանում ով էլ լինի իշխանության ղեկին իրենք Հայաստանի հետ վարելու են ստաբիլ, կառուղոցական, բարիդրացիական հարաբերություններ։ 

- Վրաստանի վարչապետի թեկնածու  առաջադրված ՆԳ նախարար Գեորգի Գախարիան, իր ծավալած գործունեության ընթացքում երբևէ արտահայտող դիրքորոշում հայտնե՞լ է հայերի նկատմամբ,  լինի դրական, թե բացասական։ 

Գեորգի Գախարիան ոչ միայն Ներքին գործերի նախարարն էր, այլ եղել է բիզնես-օմբուդսմեն, 2013 թվականին միանալով իշխող թիմին զբաղեցրել է ևս մի քանի պաշտոններ, այդ թվում վարչապետի խորհրդական տնտեսական բլոկում, որից հետո եղել է Վրաստանի Էկոնոմիայի նախարար։ Ուստի նա ունի տնտեսական գործունեության բավականին լուրջ փորձ և իմ ունեցած տեղեկության համաձայն,  Գեորգի Գախարիան  շատ դրական է վերաբերում հայերին և Հայաստանին և կան դրական միտումներ նոր լիցքեր հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին։ 

Աղբյուրը՝ Exclusive.am
Հեղինակ: