1039552
Սպորտ

«Ալաշկերտը» նոր պայմանագրից մեկ ամիս էլ չանցած դադարեցրել է աշխատանքը Եղիշե Մելիքյանի հետ

Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնել Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել մարզիչին հետագա կարիերայում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակվի առաջիկայում:

Դեռևս դեկտեմբերի 14-ին ակումբը հայտնել էր, որ «Ալաշկերտը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: 41-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմն առաջնության աշնանային հատվածից հետո 18 միավորով առաջատարների թվում է:

Մելիքյանը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր ընթացիկ տարվա հունիսի 28-ին: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր:Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում: 2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում: