1585541580_0_161_3071_1888_1920x0_80_0_0_335acd7a12e8e5945ea151b5834a7c6d.thumb
Լուրեր

Խաղաղապահները Ստեփանակերտ վերադարձողների ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել

Ռուս խաղաղապահները Արցախ վերադարձող բնակիչներին տեղափոխող ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, մեկ օրում ավելի քան 1100, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ստեփանակերտ:

«Շփման գծի երկայնքով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը Ստեփանակերտ իրենց տներ վերադարձող խաղաղ բնակչության համար ապահովել են ռուս զինծառայողները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:       

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև  Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: