image_750x_5fa3e095de475
Նորություններ

Թամարա Գևորգյանը և ընկերները՝ ամուր թիկունք առաջնագծին

Առաջնագիծն ուժեղ է, երբ ամուր թիկունք ունի: Թիկունքում լուռ և կարևոր գործ է անում դերասանուհի Թամարա Գևորգյանը, ով իր ընկերների հետ պատերազմական ամբողջ ընթացքում ահռելի գործ է արել: Freenews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմում է. 

«Պատերազմը սկսվելուն պես տագնապը մեր հոգիներում էր... Չգիտեինք ինչ անել, սահման չենք կարողանում գնալ, բացատրում են, որ մենք թիկունքում ավելի պիտանի ենք: Ընկերներիս հետ  որոշեցի սկսել թիկունքի կռիվը: Մարինա Անտոնյանը, Նավասարդյան Արմանը, Դավիթ Ռեյը, Իննա Կարապետյանը,Վարդան Նահապետյանը,  Եփրեմյան Արմանը, Նորայր Դովլաթյանը: Սնունդ, հագուստ և հիգիենայի պարագաներ ենք հավաքագրում և օգնում Արցախից եկած մարդկանց, ինչպես նաև հայաստանաբնակ բոլոր ընտանիքներին, ովքեր զինվոր ունեն առաջնագծում: Այս ամենի մեջ կա մի կարևոր բան՝  մեր խմբում չկա պարտավորվածություն, բոլորս մեծագույն սիրով ենք աշխատում և օգնում, և որ ամենակարևորն է՝ կամավոր հիմունքներով: Մենք մեր գործի մասին չենք գոռում, ամեն բան անում ենք լուռ, մեր խղճի առաջ ազնիվ կանգնած, որովհետև լուռ բարեգործություն անելը իսկապես դժվար է, քանզի ոչ-ոք չի ինֆորմացվում արածդ գործի մասին, հետևաբար օգնություն առաջարկողների քանակն էլ քիչ է լինում: Մեր գործը մի նպատակի է ծառայում՝ հաղթանակ:  Մենք հավատում ենք, որ մերն է լինելու այս բաղձալի հաղթանակը, մենք հավատում ենք, որ այն 9000 արցախցիները, որոնց ես և իմ ընկերները հասցրել ենք օգնել հաղթանակած ետ են վերադառնալու իրենց տները և երջանիկ են լինելու»:

Դերասանուհին չի մոռանում նշել բոլոր այն մարդկանց անունները, ովքեր օգնել են այս ամբողջ ընթացքում՝ ամերիկաբնակ Էդգար Կոբալյան, Արթուր Շահբազյան, բարերար Արամ Աբովյան, Արսեն Հարությունյան, Սյուզի Քյուրքչյան, «Տաշիր գրուպի»-ի գլխավորությամբ՝ Ռուբեն Վելիցյան: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ տարածք է տրամադրել՝ Խանջյան փողոցում գտնվող  Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ էլ հիմա գործում է պահեստ: Այն Թամարա Գևորգյանի ղեկավարության տակ է և ինչպես վստահեցնում է դերասանուհին՝ անգամ փոքր թվացող օգնությունը հասնում է այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը և որքան շատ  մարդ միանա նախաձեռնությանը, այնքան շատ օգտակար կարող են լինել կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: