vladimir-putinn-u-nikol-phashi-n189828-1
Քաղաքական

Պատերազմի ֆոնին հայերն ուշադիր հետևում են ՌԴ-ից եկող ազդակներին. Eurasianet

Վերջին տարիներին Ադրբեջանի հետ ամենակատաղի հակամարտության և դրան ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների թույլ արձագանքի ֆոնին շատ հայեր վերահաստատում են, որ հույսը կապում են Ռուսաստանի հետ, գրում է eurasianet.org կայքը։ 

Աղբյուրը նշում է, որ հակամարտության սկզբից Թուրքիան բոլոր առումներով աջակցել է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում և ըստ պայմանագրի պարտավորվում է հարձակման դեպքում պաշտպանել հայկական կողմին, հարաբերականորեն չեզոք դիրք է զբաղեցնում։ 

Միևնույն ժամանակ պատերազմի լուսաբանման հարցում Ռուսաստանը հայամետ դիրքորոշում ունի՝ չնայած,որ երբեմն լինում են նաև երկիմաստ լուսաբանման դեպքեր:

Բացի այդ, Eurasianet-ի թղթակիցը զրուցել է նաև երևանաբնակ հայերի հետ:

«Հիմա կտեսնենք՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, թե ոչ։ Հասկանում ենք, որ մենակ ենք բռնատերերի և ահաբեկիչների դեմ։ ԱՄՆ-ն ու այլ երկրներ բավարարվել են Սիրիան ռմբակոծելով, նրանք Թուրքիայի դեմ ելնելու քաջություն չունեն, սակայն Ռուսաստանն ու Իրանը ունեն․ նրանք են մեր իրական դաշնակինցերը»,- նշել է զրուցակիցը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։