uefa_fahnen_symbolbild_1543764937_19071.thumb
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղերը չեզոք դաշեր տեղափոխելու որոշման մասին

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների խաղերը չեզոք դաշտեր են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը:

Հայաստանը պետք է հանդիպեր Վրաստանի հետ Երևանում, սակայն խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիչի քաղաքում: Ադրբեջանի և Կիպրոսի խաղը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք և տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: