1473422888-23
Քաղաքական

Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց. դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մեկնարկեց «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը: Գործով մեղադրող դատախազը հրապարակեց Առուստամյանի մեղադրական եզրակացությունը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշեց, որ նիստը վերաբերում էր կառուցապատման խնդիրներին և չէր վերաբերում կլանքի հարցին․ «Այսօր ընդամենը փաստաթղթերի հետազոտություն է կատարվել, որը չհասցրեցինք ավարտել, հետևաբար կշարունակվի հաջորդ նիստին։ Այս գործողություններից հետո կսկսվեն հարցաքննությունները»,- ասաց նա։ 
Նա նշեց, որ Սեդրակ Առուստամյանն ընդամենը դիրքորոշում է հայտնել մեղադրանքի շրջանակում՝ ասելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ «Մենք նշեցինք, որ անցել են վաղեմության ժամկետները և հանցակազմ չկա նրա գործողություններում։ Ցուցմունքները կլինեն հետագայում»,- նշեց Սուքիասյանը։ 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 14։30-ին։

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու եւ դրա հետեւանքները չվերացնելու համար):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Երեւան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է հիշյալ շինության կառուցումը։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեն հայտնել է ապրիլի 8-ին, որից հետո գործն ուղարկվել էր դատարան:

Նշենք, որ Առուստամյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը։